Ճանաչիր Հայկական գամփռին
Գամփռը, որ կոչվել է նաև Արալեզ, հազարամյակներ շարունակ եղել է հայ ժողովրդի հպարտության և սիրո առարկան։ Այն ներկայացնում է շների մի քանի տեսակ, որոնք բուծվում էին Հայաստանում և այժմ միավորված են մեկ անվան տակ։ Այդ տեսակները հետևյալն են՝
- Բակապահ շուն կամ ուղղակի գամփռ․ պահպանում էր տան շրջակայքը։
- Հոտապահ շուն կամ գելխեղդ․ այս շների դերը հոտերը և նախիրները գայլերից ու գողերից պահպանելն է։ Գելխեղդին զրահապատում էին, ինչը օգնում էր գազանների հետ մենամարտում։
- Արջի որսի շուն կամ արջաշուն․ օգտագործվում էր միայն վարպետ գազանորսների կողմից՝ արջի որսի ժամանակ։ Արջից ավելի ուժեղ էր, հատկապես երբ զրահապատված էր լինում պողպատե ցցերով։
- Որսաշուն, փոթորկաշուն, բարակ կամ թազի․ օգտագործվում էր աղվես, քարայծ, վայրի կատու, լուսան որսալու համար։ Նա շատ արագավազ ու թեթևոտն էր։ Մարդկանց վրա չէր հաչում։ Վիրավոր որսին հետապնդելու, նրա թաքնված տեղը գտնելու և հաչելով որսորդին իրենց մոտ կանչելու առանձին հատկություն ուներ։
Հայաստանում կային հատուկ շնաբուծարաններ, որոնք որսում էին գայլերի և շնագայլերի, զուգավորում շների հետ՝ ստանալով վերը նշված ցեղերը։
Գամփռներին այնքան էին սիրում, որ գամփռին սպանելը հավասարվում էր մարդասպանության։