10 փաստ՝ որդան կարմիրի մասին
ԱվելինԻսկ դու գիտե՞ս
Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր էնդեմիկ կենդանական և բուսական աշխարհով. տարածաշրջանի յուրօրինակ կլիման և ռելիեֆը ձևավորել են հարուստ բնություն: Մեր հայրենիքի բնաշխարհիկ կենդանիներից են մուֆլոնը, Կովկասյան ընձառյուծը, Վանա կատուն, Հայկական իժը, սպիտակափոր մողեսը: Այս և այլ տարբեր էնդեմիկ կենդանիներ բացառիկ նշանակություն ունեն և շարունակում են գրավել հետազոտողների ուշադրությունը: Ողջ աշխարհում հայտնի ցեղատեսակ է հայկական Վանա կատուն, որին էլ նվիրված է Բարևիկի բլոգը:
Վանա կատուն ընտելացվել է մարդու կողմից մոտ 9500 տարի առաջ: Կատուների ժամանակակից մի քանի ցեղատեսակ գենետիկորեն պատկանում են միևնույն խմբին և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել գենետիկ ուսումնասիրությունը՝ Վանա կատուն կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ է, որը սերում է Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից, տարածված է Պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում։
Մյուս ցեղատեսակներից առանձնանում է արտաքին տեսքով՝ լինում է միայն սպիտակ գեղմով կամ պոչի և ականջների վրա ունենում է շերտավոր շիկակարմիր գունավորում: Ըստ լեգենդի՝ շիկակարմիր գունավորումը պայմանավորված է նրանով, որ կատուները լողում էին Վանա ծովակի ջրերում, իսկ ջրից դուրս մնացող հատվածները՝ պոչը, ականջները, արևից ստացել են նման գունավորում, որը օգնում էր աննկատ մնալ գիշատիչներից: Գենետիկ առանձնահատկություններով պայմանավորված՝ Վանա կատվի աչքերն ունենում են տարբեր գունավորում. գունանյութը տարածվում է միայն մի աչքի ծիածանաթաղանթում, որը ստանում է շիկակարմիր գունավորում, իսկ մյուս աչքը մնում է երկնագույն:
Վանա կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ և չեն վախենում ջուրը մտնելուց: Ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել հարմարանքներ լողալու համար՝ մատների արանքում առաջացել է հատուկ թաղանթ, որն օգնում է լողալ, իսկ մորթին չի թրջվում, և մինչև 45 աստիճան ցելսիուս ցրտի դեպքում ազատորեն մտնում են ջուրը:
Այժմ աշխարհի մի շարք երկրներում փորձում են բուծել Վանա կատուներ, սակայն չի հաջողվում. կատուները ստացվում են լուրջ գենետիկ խանգարումներով՝ խլությամբ, ամլությամբ և այլ խնդիրներով: Բնության այս հրաշքը կրկնօրինակել հնարավոր չէ, ինչն էլ վկայում է կենդանու յուրահատկության մասին: Մնացեք Բարևիկի բլոգի հետ, որ բացահայտենք մեր հայրենիքն ու բնությունը միասին, իսկ <<Ճանաչիր հայկական գամփռին>> բլոգում կարող եք ծանոթանալ գամփռերի տեսակներին: