am
Ru En
basket basket 0

Բլոգ

Իսկ դու գիտե՞ս

Վանա կատվի յուրօրինակությունը

Հայկական լեռնաշխարհը հայտնի է իր էնդեմիկ կենդանական և բուսական աշխարհով. տարածաշրջանի յուրօրինակ կլիման և ռելիեֆը ձևավորել են հարուստ բնություն: Մեր հայրենիքի բնաշխարհիկ կենդանիներից են մուֆլոնը, Կովկասյան ընձառյուծը, Վանա կատուն, Հայկական իժը, սպիտակափոր մողեսը: Այս և այլ տարբեր էնդեմիկ կենդանիներ բացառիկ նշանակություն ունեն և շարունակում են գրավել հետազոտողների ուշադրությունը: Ողջ աշխարհում հայտնի ցեղատեսակ է հայկական Վանա կատուն, որին էլ նվիրված է Բարևիկի բլոգը:

Վանա կատուն ընտելացվել է մարդու կողմից մոտ 9500 տարի առաջ: Կատուների ժամանակակից մի քանի ցեղատեսակ գենետիկորեն պատկանում են միևնույն խմբին և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել գենետիկ ուսումնասիրությունը՝ Վանա կատուն կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ է, որը սերում է Վանա լճի շրջակա ափամերձ տարածքներից, տարածված է Պատմական Հայաստանի, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում։

 Մյուս ցեղատեսակներից առանձնանում է արտաքին տեսքով՝ լինում է միայն սպիտակ գեղմով կամ պոչի և ականջների վրա ունենում է շերտավոր շիկակարմիր գունավորում: Ըստ լեգենդի՝ շիկակարմիր գունավորումը պայմանավորված է նրանով, որ կատուները լողում էին Վանա ծովակի ջրերում, իսկ ջրից դուրս մնացող հատվածները՝ պոչը, ականջները, արևից ստացել են նման գունավորում, որը օգնում էր աննկատ մնալ գիշատիչներից: Գենետիկ առանձնահատկություններով պայմանավորված՝ Վանա կատվի աչքերն ունենում են տարբեր գունավորում. գունանյութը տարածվում է միայն մի աչքի ծիածանաթաղանթում, որը ստանում է շիկակարմիր գունավորում, իսկ մյուս աչքը մնում է երկնագույն:

Վանա կատուները միակն են աշխարհում, որ սիրում են լողալ և չեն վախենում ջուրը մտնելուց: Ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել հարմարանքներ լողալու համար՝ մատների արանքում առաջացել է հատուկ թաղանթ, որն օգնում է լողալ, իսկ մորթին չի թրջվում, և մինչև 45 աստիճան ցելսիուս ցրտի դեպքում ազատորեն մտնում են ջուրը:

Այժմ աշխարհի մի շարք երկրներում փորձում են բուծել Վանա կատուներ, սակայն չի հաջողվում. կատուները ստացվում են լուրջ գենետիկ խանգարումներով՝ խլությամբ, ամլությամբ և այլ խնդիրներով: Բնության այս հրաշքը կրկնօրինակել հնարավոր չէ, ինչն էլ վկայում է կենդանու յուրահատկության մասին: Մնացեք Բարևիկի բլոգի հետ, որ բացահայտենք մեր հայրենիքն ու բնությունը միասին, իսկ <<Ճանաչիր հայկական գամփռին>> բլոգում կարող եք ծանոթանալ գամփռերի տեսակներին:

Կարդա նաև

10 փաստ՝ որդան կարմիրի մասին

10 փաստ՝ որդան կարմիրի մասին

Ավելին
 Հայաստանին ծանոթանալով․․․

Հայաստանին ծանոթանալով․․․

Ավելին
20 հետաքրքիր փաստ Ձմեռ պապի մասին

20 հետաքրքիր փաստ Ձմեռ պապի մասին

Ավելին